Ուղտասարը նշանավոր հնավայր է` հարուստ կարևոր գտածոներով։ Այն համանուն լեռան` Ուղտասարի գագաթին հայտնաբերված ժայռապատկերների մի մեծ խումբ է` Սիսիանից մոտ 17,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Այնտեղ կարելի է հասնել միայն տարվա բարենպաստ եղանակին /լավագույն ժամանակը հուլիս և օգոստոս ամիսներն են/ և ամենագնաց մակնիշի ավտոմեքենաներով։
Լեռան լանջերին հարյուրավոր կիլոմետրեր ձգվող տարածքով մեկ սփռված են իծագիր փորագրությունները։ Նման ժայռապատկերներ կարելի է տեսնել Հայաստանի մի շարք այլ վայրերում, օրինակ` Ծղուկի շրջակա լեռներում (Մեծ Քարախաչ), Վարդենիսի լեռնաշղթայում, Եղեգիսի աղբյուրների մոտ (Վարդենիս լեռ), Արփայում (Խաչասար), Որոտան գետի կիրճում (Դավագյոզ լեռ) և այլուր։ Դրանց բոլորին բնորոշ հատկանիշներն են` միևնույն բարձրությունը ծովի մակերևույթից (3000 – 3300մ), պատկերագրությունը (իկոնոգրաֆիան) և տեղանքը /տեղակայվածությունը սառցե լճերի մոտ, որոնք ժամանակին համեմատաբար տաք ջրեր են ունեցել` քան այսօր։
Ուղտասարը գտնվում է պլեյստոցենի ժամանակաշրջանի հանգած հրաբուխով շրջապատված սառցե լճակի մոտակայքում։ Տարվա բոլոր եղանակներին լճակի վրա սառցեբեկորներ կան, իսկ ձյունն այս տեղանքում երբեք ամբողջապես չի հալվում։ Տեղանքի արտաքին տեսքն ու վերգետնյա նյութի տարածման սահմանները թույլ են տալիս եզրակացնել, որ այն օգտագործվել է հազարավոր տարիներ առաջ` նոր քարի դարից ի վեր (մոտ. Ք.ա. 12000 թ.)։
Ավելի ուշ դարաշրջանների մարդիկ (խալկոլիթի` քար-բրոնզի, և բրոնզի դարեր) շարունակել են քարերի վրա արձանագրել իրենց հիշարժան պատմություններն ու հավատալիքները։ ժայռապատկերների ամենամեծ խումբը` թե տիպային և թե քանակային առումներով թվագրվում է հենց այս ժամանակաշրջանով և վաղ երկաթի դարով։ Այնուհետև բնակավայրն ամայացել է. բացառություն են հանդիսանում ամռանը լեռնագագաթին ապաստանող հովիվները, ովքեր սակավաթիվ փորագրություններ են թողել։

Ժայռապատկերները
Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Հարուստ են բույսերի, ծաղիկների և կենդանիների, ինչպես նաև մարդկային ու երկրաչափական պատկերներով /շրջաններ, պտուտակաձև պատկերներ, կետեր, գծեր և այլն/ արված փորագրությունները։

Պարզունակ պատկերներն, այդուհանդերձ, զարմանալիորեն համապարփակ են` պատմելով առասպելների և ցեղերի սովորույթների, զգացմունքների, հույզերի և հավատալիքների, նախնիների պարտությունների և հաղթանակների մասին։ Դրանցից մեծ մասում պատկերված են մարդիկ` որսի, հողի մշակման, մրցույթների, մարտական և պարային տեսարաններում։

Առկա են կենդանիների բազմաթիվ պատկերներ` վայրի և ընտանի բիզոններ, այծեր, մուֆլոններ, ջեյրաններ, եղնիկներ, ձիեր, վայրի խոզեր, գայլեր, շներ, շնագայլեր, հովազներ, արջեր և վագրեր։

Պատկերված են օղապարաններով, թակարդներով, նետ ու աղեղներով, ցցերով, նիզակներով և վահաններով որսորդներ, սայլակներ և սահնակներ քաշող ցլեր (բիզոններ)։ Կենդանական տեսարաններում գերիշխող են խոշոր եղջրավոր կենդանիները, ոչխարները և այծերը։ Հետաքրքրական է, որ Ուղտասարի ժայռապատկերներում գրեթե բացակայում են թռչունների պատկերները։ Առկա են բազմաթիվ տիեզերական խորհրդանիշներ, այդ թվում` կենդանակերպի նշաններից մեկի` խոյի պատկերը և պարզ օրացույցեր։ Վերջիններս պատկերված են անիվների տեսքով և կամ ժամանակի բաժանումը նշված է խաչի և եղանակները ցույց տվող 4 շրջանների միջոցով։ Հանդիպում են նաև աշխարհագրական տարրեր` գետեր, լճեր, աղբյուրներ և այլն, ինչպես նաև երկնային լուսատուները և աստղագիտական երևույթներ` արևը, լուսինը, աստղերը, համաստեղությունները և աստեղային երկինքը, գիսաստղեր և կայծակ։ Ամենաբարդ Ժայռապատկերները, ոմանց կարծիքով, հնագույն աշխարհի պարային ամենավաղ պատկերներից են` երկու կամ ավելի մարդանց ծիսական պարեր։ Այլ պատկերներում մի քանի մարդիկ ելույթ են ունենում մյուսների առջև. սրանք հավանաբար կապ ունեն որևէ նշանավոր մարտի կամ որսի հետ, կամ էլ ցույց են տալիս, որ պատկերվածները համայնքի առաջնորներ են։

Թեգեր:

Բլոգ